«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«Եթե ես նրանց չվստահեմ, բա թուրքի դեմն ո՞վ առնի»

«Եթե ես նրանց չվստահեմ, բա թուրքի դեմն ո՞վ առնի»
15.03.2013 | 12:39

Մեր զրուցակիցը Վազգեն Սարգսյանի թանգարանի փոխտնօրեն, սպարապետի զարմուհի ԵՐԱՆՈՒՀԻ ՄՈՒՍԻԿՅԱՆՆ է։ Նա պատմում է իր հուշերը Վազգեն Սարգսյանի մասին, ներկայացնում թանգարանի առօրյան։
Խոսելով Վ. Սարգսյանի մասին՝ Ե. Մուսիկյանն առաջինը հիշում է նրա լիաթոք, վարակիչ ծիծաղը. «Ինձ համար Վազգենն էությամբ բացառիկ մարդ էր։ Այդպես էլ համառորեն իր կյանքում բանան չկերավ։ Համարում էր այն հիբրիդ, ապազգային միրգ, ասելով՝ ինչու պետք է իմ ծիրանը թողնեմ ու բանան ուտեմ։ Իր խոսքի տեր մարդ էր»։ Հայրենասիրությունը սպարապետի մեջ ակնառու էր փոքր տարիքից։ «Վազգենի մայրական տատիկը շատ էր պատմում թուրքերի մասին, որոնցից իրենք տուժել էին։ Ծովինար տատը Վազգենին Նապոլեոն էր ասում, «իմ Նապոլեոն բալեն»` այդպես էր դիմում նա իր թոռնիկին։ Հետաքրքիր կանխազգացում ուներ, որ Վազգենն այդ տեսակն է, ապագա զորավար, սպարապետ։ Ե՛վ Սարգսյանների, և՛ Մելքոնյանների ընտանիքների առաջին թոռնիկն էր, ու նրան բոլորը շատ էին սիրում»։
Վ. Սարգսյանը շատ էր կարդում. չորրորդ դասարանում արդեն բոլոր պատմական գրքերը հասցրել էր կարդալ։ Ինքն էր մորն անընդհատ հարցնում՝ էլ ո՞ր գիրքը կարդամ։ Եվ ոչ թե կարդում էր պարզապես կարդալու համար, այլ կլանում էր դրանց բովանդակությունը։ «Վազգենենց փողոցն «Արարատ» երկաթուղային կայարանի մոտ էր։ Երեկոյան 8-ին Բաքվի գնացքը մեզ մոտ 20 րոպե կանգառ էր անում, և կայարանում թուրքերն իջնում էին՝ մեր փողոցով գնում դեպի Խալիսա։ Նա գիտեր, որ այդ ժամերին Խալիսայի թուրքերն են իջնելու, քարերը լցնում էր գրպանն ու դրանք նետում նրանց ուղղությամբ։ Հայհոյում էր ու քարերը նետում։ Տիկին Գրետան գյուղի երեխաներին խնդրել էր այդ ժամերին Վազգենին զբաղեցնել ինչ-որ բանով, որպեսզի չհարձակվի թուրքերի վրա։ Նրա տարերքը ֆուտբոլն էր, և միակ բանը, որ կարողանում էր Վազգենին շեղել, ֆուտբոլի գնդակն էր։ Երեխաները կանչում էին ֆուտբոլ խաղալու, որ մոռանար թուրքերին։ Դեռ ղարաբաղյան շարժումը չսկսած՝ գրչակից ընկերների հետ գնացել էր Արցախ, Էդիլու գյուղով անցնելիս «Վիլիսը» կանգնեցրել, իջել էր ու սկսել ջնջել գյուղի ցուցանակի վրայի «լու» մասնիկը։ Տղաները հարցնում են՝ Վազգեն, էդ ի՞նչ ես անում։ Պատասխանում է՝ մեր երկրում բոլոր «լու»-երը պետք է ջնջվեն։ Ասաց ու արեց»։
Երանուհի Մուսիկյանը ցավով է նշում, որ Վազգեն Սարգսյանը կյանքը նվիրաբերեց Հայաստանին, Արցախին, հայ ժողովրդին, պայքարեց թշնամու դեմ, բայց գնաց հայի դավադիր գնդակից։ «Գիտե՞ք՝ ինչից էր դա։ Նա շատ հավատավոր տղա էր, մարդկանց հավատում ու վստահում էր։ Եղբայրներն էլ կողքից զգուշացնում էին՝ Վազգեն, դու այդ մարդուն այդքան վստահում ես, բայց նա այդ տեսակը չէ։ Պատասխանում էր՝ դուք չպետք է ինձ զգուշացնեք, ես գիտեմ, բայց այս պահին ինձ մարդիկ են պետք, եթե ես նրանց չվստահեմ, բա թուրքի դեմն ո՞վ առնի։ Վստահեց ու… Երբեմն ասում են, թե նա շատ միամիտ էր։ Նա միամիտ չէր, շատ լավ գիտեր՝ ով ով է։ Եվ վերջապես գրող, արձակագիր տղա լինելով, ինչպե՞ս կարող էր մարդկանց չճանաչել։ Ցավալիորեն իր կողքին կանգնած մարդիկ իր տեսակը չէին, օգտվում էին նրա վստահությունից»։
Անդրադառնալով սպարապետի թանգարանին՝ փոխտնօրենը նշեց, որ այն հիմնադրվել ու աշխատում է միայն Սարգսյանների ընտանիքի միջոցներով։ Թանգարանը գործում է 2001-ի մարտի 5-ից, կառուցվել է շատ արագ՝ 5 ամսում։ Այստեղ ներկայացված է սպարապետի մասին պատմող ավելի քան 1000 ցուցանմուշ։ Թանգարանը տարեկան հյուրընկալում է 27-30 հազար այցելուի։
Միակ պետական աջակցությունը եղել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից։ 2012-ի հունվարի 28-ին՝ ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի առթիվ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց թանգարան, 20-ամյակի շքանշանը հանձնեց և, տեսնելով, որ թանգարանը չի ջեռուցվում, որոշեց իր ներդրումն ունենալ. այսօր գազի ու էլեկտրաէներգիայի ծախսերը հոգում է պաշտպանության նախարարությունը։ Որոշակի աջակցություն է ցուցաբերել նաև Արարատի մարզպետը։ Թանգարանի փոխտնօրենը նշում է, որ մինչ օրս մշակույթի և ոչ մի նախարար ոտք չի դրել այս թանգարան։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2401

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ